Posted in 4-րդ դասանար, Մայրենի 4- րդ

Անտառային գնդլիկը

Ժուկով-ժամանակով ապրում էին մի տատիկ ու պապիկ։ Հենց այդ տատիկն էր թխել Գնդլիկ Բոքոնիկը, որը փախել էր նրանցից։

 

Մի օր անտառում պապիկը տատիկին ասում է.

— Այ պառավ, հըլը թփերի տակ նայի, կարծես թե մեր Գնդլիկն է թփերի տակ թաքնված։

Պապիկը լավ չէր տեսնում, տատիկի աչքերն էլ անընդհատ արցունքոտվում էին ու էլի լավ չէր տեսնում։ Կռացավ տատիկը, որ Գնդլիկին բարձրացնի, բայց ինչ-որ բան ծակեց նրա ձեռքը։

— Ա՜խ, — բացականչեց տատիկը, իսկ Գնդլիկը գլորվելով փախավ։

Ճանապարհին Գնդլիկին հանդիպեց գայլը։

— Գնդլիկ Բոքոնիկ, ես քեզ կուտեմ։

— Դու ինձ մի կեր, գորշ Գայլ, ես քեզ համար երգ կերգեմ.

Ես անտառային գնդլիկն եմ,
Փշոտ, ծակող կլորիկ եմ,
Ինձ ամբարից չեն քերել,
Ինձ ալյուրից չեն հունցել,
Վառարանում չեն թխել,
Լուսամուտին չեմ սառել։
Ու չնայած ես տաք չեմ,
Ձեր ձեռքերը կծակեմ
Ու չեք կարող ինձ բռնել։
Ես փախել եմ տատիկից,
Ես փախել եմ պապիկից,
Գորշ Գայլ, ես քեզ կծակեմ,
Գլորվելով կփախչեմ։

Գայլը բարկացավ, բռնեց Գնդլիկին։ Փշերը գայլի թաթը ծակեցին։

-Ա՜խ, ցավում է,- ոռնաց գայլը, իսկ Գնդլիկը գլորվելով փախավ։

 

Գլորվեց Գնդլիկը, գլորվեց ու հանդիպեց Արջին։

— Գնդլիկ Բոքոնիկ, ես քեզ կուտեմ։

— Դու ինձ մի կեր, ծուռթաթ Արջ, ես քեզ համար երգ կերգեմ.

Ես անտառային գնդլիկն եմ,
Փշոտ, ծակող կլորիկ եմ,
Ինձ ամբարից չեն քերել,
Ինձ ալյուրից չեն հունցել,
Վառարանում չեն թխել,
Լուսամուտին չեմ սառել։
Ու չնայած ես տաք չեմ,
Ձեր ձեռքերը կծակեմ
Ու չեք կարող ինձ բռնել։
Ես փախել եմ տատիկից,
Ես փախել եմ պապիկից,
Գորշ գայլ եմ ես փախել,
Ծուռթաթ, ես քեզ կծակեմ,
Գլորվելով կփախչեմ։

Արջը բարկացավ, փորձեց իր մեծ երախով բռնել Գնդլիկին, բայց բերանը ծակեց։

-Ա՜խ, ցավում է,- մռնչաց արջը, իսկ Գնդլիկը գլորվելով փախավ։

 

Գլորվեց Գնդլիկը, գլորվեց ու հանդիպեց Աղվեսին։

— Գնդլիկ Բոքոնիկ, այս ո՞ւր ես գլորվում։

— Կածանով գլորվում եմ։

— Գնդլիկ, այ Գնդլիկ, ինձ համար երգ կերգե՞ս։

Ու Գնդլիկը սկսեց իր երգը.

Ես անտառային գնդլիկն եմ,
Փշոտ, ծակող կլորիկ եմ,
Ինձ ամբարից չեն քերել,
Ինձ ալյուրից չեն հունցել,
Վառարանում չեն թխել,
Լուսամուտին չեմ սառել։
Ու չնայած ես տաք չեմ,
Ձեր ձեռքերը կծակեմ
Ու չեք կարող ինձ բռնել։
Ես փախել եմ տատիկից,
Ես փախել եմ պապիկից,
Գորշ գայլ եմ ես փախել,
Ծուռթաթ արջից եմ փախել,
Աղվես, ես քեզ կծակեմ,
Գլորվելով կփախչեմ։

Եվ Գնդլիկն ուզում էր գլորվելով շարունակել ճանապարհը, բայց աղվեսը իր ճանկերով Գնդլիկին գցեց առվի մեջ։ Գնդլիկը, չլը՜փ, ընկավ ջուրը։ Միանգամից բացվեց, սկսեց թաթիկները շարժել ու լողալով դուրս եկավ ջրից։ Ու այստեղ բոլոր տեսան, որ դա Գնդլիկը չէր, այլ իսկական, անտառային ոզնի։